Հարավային Կորեայի խորհրդարանն աջակցություն է հայտնել երկրի նախագահ Յուն Սեկ Յոլին պաշտոնանկ անելու նախագծին, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Քվեարկությանը մասնակցել է 300 պատգամավոր. իմպիչմենտին կողմ է քվեարկել 204 պատգամավոր, դեմ՝ 85-ը: Ըստ աղբյուրի՝ Այժմ Սահմանադրական դատարանը վարույթ կսկսի որոշելու համար՝ հաստատե՞լ իմպիչմենտը, թե՞ վերականգնել Յոլի լիազորությունները: Գործի քննությունը կարող է տևել մինչև 6 ամիս։
Դեկտեմբերի 3-ի երեկոյան Յոլը խորհրդարանական ընդդիմության գործողությունների՝ գործադիր իշխանությունը կաթվածահար անելու դեմ պայքարի նպատակով ռազմական դրություն Էր մտցրել, որը չեղարկվել էր շուրջ 6 ժամ անց: Ընդդիմությունը դեկտեմբերի 4-ին խորհրդարանում իմպիչմենտի գործընթաց էր նախաձեռնել՝ համարելով, որ նախագահը խախտել է Սահմանադրությունը, քանի որ ռազմական դրության համար հիմքեր չկային: Ավելի ուշ ոստիկանությունն ու դատախազությունը նախագահի նկատմամբ հետաքննություն էին սկսել:
Դեկտեմբերի 4-ին Հարավային Կորեայի պաշտպանության նախարարը ներողություն էր խնդրել քաղաքացիներից երկրում ռազմական դրություն հայտարարելու հետ կապված իրավիճակի համար և հրաժարական էր տվել։
Դեկտեմբերի 10-ին Կորեայի խորհրդարանը քվեարկել էր բանաձևի օգտին, որը կոչ էր անում անհապաղ ձերբակալել Յոլին և յոթ այլ պաշտոնյայի՝ ռազմական դրություն մտցնելու փորձի համար։