Թուրքիան մտադիր է Սիրիայում խոցել իսրայելական ռազմական ինքնաթիռներ, եթե հրեական պետության բանակը կրակային աջակցություն ցուցաբերի Արաբական Հանրապետության հյուսիսում գործող Ժողովրդական պաշտպանության ուժերին (SDF), հայտնում է ՏԱՍՍ-ը։
Թուրքական կողմն Իսրայելին հասկացրել է, որ չի հանդուրժի աջակցությունը SDF-ին, որը նա անվանում է Քրդստանի աշխատավորական կուսակցության ճյուղ:
«Եթե Իսրայելը որոշի նման գործողություններ ձեռնարկել, ապա մեր հակաօդային պաշտպանության համակարգերը և կործանիչները պատրաստ կլինեն ոչնչացնել դրանք։ Համապատասխան հրամաններն արդեն տրվել են Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբին»,- ասել են բարձրաստիճան պաշտոնյաները։
Թուրքական իշխանությունները նախազգուշացրել էին Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծելու իրենց մտադրության մասին՝ սահմանի 600 կիլոմետրանոց հատվածի նկատմամբ վերահսկողություն ապահովելու և նրա տարածքից բխող ահաբեկչական սպառնալիքները նվազագույնի հասցնելու համար։
Դեկտեմբերի 9-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Գոլանի բարձունքները հավերժ կմնան Իսրայելի անբաժանելի մասը։ Դեկտեմբերի 10-ին Իսրայելը հարվածներ էր հասցրել Սիրիայի ավիաբազաներին։ Նույն օրը Կացը հայտարարել էր, որ իսրայելական զինվորականներին հանձնարարվել է «ստերիլ պաշտպանական գոտի» ստեղծել Սիրիայի հարավում։
Սիրիայում զինված հակամարտությունն սկսել էր 2011 թվականից։ Զինադադարը խախտվել էր 2024-ի նոյեմբերի 27-ին, երբ սիրիական մի շարք խմբավորումների զինյալներ՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական խմբավորման գլխավորությամբ, հարձակում էին սկսել երկրի հյուսիս-արևմուտքում կառավարական ուժերի դեմ: Նրանք գրավել էին Հալեպը, Համան, Դեր Զորը, Դերաան և Հոմսը։
Դեկտեմբերի 8-ին զինյալ ահաբեկիչներն ուղիղ եթերում հայտարարել էին, որ վերահսկողություն են հաստատել Սիրիայի նկատմամբ։ Նույն օրը ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը լքել է Սիրիան։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի ուշ հայտարարել էր, որ Սիրիայի նախագահը թողել է պաշտոնը և լքել երկիրը։ ՏԱՍՍ-ն ավելի ուշ գրել էր, որ Ասադն ու նրա ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա, ՌԴ-ն նրանց ապաստան է տրամադրել։