Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Ուկրաինային, Սիրիային վերաբերող, ինչպես նաև էներգետիկ անվտանգության հարցեր, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Թուրքիայի դիվանագիտական գերատեսչության իր աղբյուրին։
«Հունվարի 12-ին Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են Սիրիայում, Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին, ինչպես նաև էներգետիկ անվտանգությանը վերաբերող հարցեր»,- ասել է աղբյուրը։
Զրույցի բովանդակության մասին այլ մանրամասներ աղբյուրը չի հայտնել։
2024թ․ նոյեմբերի 30-ին Լավրովը Սիրիայում տիրող իրավիճակը քննարկել էր Թուրքիայի և Իրանի արտգործնախարարների հետ։ Կողմերն աջակցություն էին հայտնել Սիրիայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև այդ երկրի կառավարության և բանակի գործողություններին ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում։