Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով Հայաստանի տարբեր համայնքներում 46 դպրոց է վերակառուցվում: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:
«Ունենում ենք ժամանակակից, 9 բալ սեյսմակայանությամբ դպրոցներ, որոնք նաև ջերմամեկուսացված են, և համապատասխանում են բոլոր միջազգային ստանդարտներին: Ընդհանուր վեց դպրոցում արդեն շինարարությունն ավարտվել է, ևս 13 ում շինարարություն է տեղի ունենում»,-հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Կառավարությունից տեղեկացնում են, որ Հայաստանում սեյսմիկ խնդիր ունեցող 435 դպրոց կա: Այս ծրագրով լուծվում է 46-ի հարցը: Ծրագրի ընդհանուր բյուջեն 107 մլն դոլար է: Ավելի լավ պայմաններում ուսանելու հնարավորություն է ստեղծվում մոտ 20 հազար աշակերտի համար: