Այս տարվա վերելակների փոխարինման մեր ծրագիրը ամբողջովին կազմակերպել ենք այնպես, որ նոր վերելակները ծառայեն առաջին հերթին Հայրենիքի պաշտպանության գործում վիրավորում ստացած մեր հերոս եղբայրներին և որոշակիորեն թեթևացնեն նրանց հոգսը: Այս մասին իր Facebook-ում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Դրա համար մեր սոցապ վարչության աշխատակիցները՝ գործընկեր գերատեսչությունների հետ միասին, վերլուծել են անհրաժեշտ տվյալները և ընտրել են 54 բարձրահարկ շենքեր, որտեղ ապրում են հենաշարժողական վնասվածքներ ստացած մեր այն տղաները, որոնք ամենից շատն ունեն մատչելի տեղաշարժի կարիքը: Եվ այդպիսով, մատչելի վերելակների գնումը արդեն կայացել է, մատակարարի հետ պայմանագիրը ստորագրել ենք։ Ըստ պայմանագրի, վերելակները մի քանի ամիսների ընթացքում կմատակարարվեն և կտեղադրվեն։
Ուզում եմ հայտնել նաև, որ վերելակների փոխարինումը պատերազմում վիրավորում ստացած մեր քաղաքացիներին աջակցելու ծրագրերից միայն մեկն է: Ընթացքի մեջ են նաև շենքերի աստիճանահարթակների, մայթերի հարմարեցումը և մատչելիության ապահովումը, ինչպես նաև՝ սոցիալական այլ ծրագրեր»,-ասված է գրառման մեջ։