Երևանի ներքաղաքային տրանսպորտը սպասարկելու համար ձեռքբերված 211 ավտոբուսներն ամբողջությամբ հասել են Երևան։ Ավագանու նիստին հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ պատասխանելով ավագանու անդամ Լևոն Զաքարյանի հարցին:
Նա տեղեկացրեց, որ ավտոբուսները տեղափոխելուց ճանապարհին լուրջ միջադեպեր չեն եղել, միայն չորս-հինգ ավտոբուսներ որոշակիորեն վնասվել են: Քաղաքապետը տեղեկացրեց, որ հանձնման-ընդունման, մաքսազերծմնան և փաստաթղթային մի քանի այլ գործընթացներից հետո ավտոբուսները պատրաստ կլինեն մտնելու երթուղի: Այս պահին նոր ավտոբուսների վարորդները դրանք օգտագործելու ուսուցում են անցնում նաև արտադրողի տրամադրած մասնագետների օգնությամբ:
«Իմ կողմից հստակ հանձնարարական կա՝ մաքսիմալ արագ կազմակերպել գործընթացը, որպեսզի հնարավորինս շուտ երևանցիները երթևեկեն նոր ավտոբուսներով»,- ասաց քաղաքապետ Մարությանը: Նա նաև խոսեց միասնական էլեկտրոնային տոմսային համակարգին անցնելու նախապատրաստական գործընթացի մասին:
Հիշեցնենք, որ 2020-ին Երևանի քաղաքային բյուջեի միջոցներով ձեռք է բերվել 100 կոմպակտ դասի ավտոբուս, դրանք ներկայումս սպասարկվում են: Եվս 211 հատ 8.6 մետրանոց ավտոբուս, կրկին համայնքի միջոցներով, ձեռք է բերվել 2021-ին: