Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով մամուլում ակտիվ տարածում գտած ավտոբուսների գնման ավագանու նիստի բոյկոտի մասին տեղեկություններին։
«Չնայած այն բանի, որ կառավարության և Երևանի քաղաքապետարանի միջև կար տարակարծություն՝ կապված նոր ավտոբուսների մակնիշի հետ (Ժոնգ-Տոնգ)՝ այնուամենայնիվ, քաղաքական որոշում է կայացվել և «Իմ քայլը» խմբակցությունը ապահովել է ավտոբուսներ ձեռք բերելու համար նվազագույն ձայները:
Ավագանու այդ նիստին մասնակցել են խմբակցության ղեկավարը և քարտուղարը։ Ավելին՝ կառավարությունը քաղաքապետարանին է վերադարձել 2.2 մլրդ դրամ ԱԱՀ գումարը, իսկ սույն թվականի նոյեմբերին կառավարությունը հաստատել է միջազգային գործընկերների կողմից տրվող վարկային համաձայնագիրը, որով նախատեսվում է Երևանի համար ձեռք բերել նոր 100 հատ 12 մետրանոց բարձրակարգ ավտոբուսներ։
«Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրված քաղաքապետի նոր թեկնածու՝ Հրաչյա Սարգսյանն էլ համակարգել է ձեռքբերման ողջ գործընթացը։
Առանց «Իմ քայլի» քվեների, կառավարության աջակցության ու Հրաչյա Սարգսյանի ամենօրյա աշխատանքի՝ ավտոբուսների ձեռքբերումը ուղղակի չէր կարող տեղի ունենալ»,- նշվում է հայտարարության մեջ։
Այսօր ավելի վաղ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ ավագանու իշխող խմբակցության անդամները փորձել են տապալել Երևան քաղաքի համար ավտոբուսների նոր խմբաքանակի գնման գործընթացը։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց են սկսել։ Այս հարցով ավագանու նիստը նշանակվել է դեկտեմբերի 22-ին։
Ըստ ավագանու իշխող «Իմ քայլը» խմբակցության՝ Մարությանը դեռևս մեկ տարի առաջ դուրս է եկել ՔՊ կուսակցությունից և խզել է կապը կենտրոնական իշխանություններից։
Մարությանն էլ, արձագանքելով տարբեր տեղեկություններին, հայտնել է, որ որևէ քաղաքական ուժի հետ կապ չունի և որևէ կուսակցության հետ համագործակցելու ցանկություն և մտադրություն չունի։
Գործող քաղաքապետին անվստահություն հայտնելուն զուգահեռ՝ նախաձեռնող կողմը պետք է առաջադրի նաև քաղաքապետի նոր թեկնածուի: Քաղաքապետին անվստահություն է հայտնվում, եթե առաջադրված թեկնածուն ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:
ՔՊ-ն Հայկ Մարությանին ցանկանում է փոխարինել Հրաչյա Սարգսյանով: