Ուրախ եմ տեղեկացնել, որ վերջապես, գործուն քայլեր են ձեռնարկվում Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ուղղությամբ։ Այս մասին իր Facebook-յան էջում գրել է ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Այսօր կառավարության նիստին հատկացվելու է նախագծի ֆինանսավորումը` ազդարարելով մայրաքաղաքում այս խոշոր կապիտալ ծրագրի մեկնարկը։ ՀՀ վարչապետի, ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի մեր գործընկերների հետ քանիցս քննարկել ենք այս նախագիծը` այն համարելով մայրաքաղաքի զարգացման և քաղաքային հարմարավետ միջավայրի կառուցման համար ուղենիշային։ ԱՆԻՖ-ն իր հերթին ներկայումս դիտարկում է տվյալ հատվածում առևտրային կենտրոնի կառուցման հեռանկարները` ստեղծելով պետություն-մասնավոր համագործակցության նոր հնարավորություններ։ Մեծ ծրագրերը դեռ առջևում են»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՔՊ-ական պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշել է՝ Երևան քաղաքի առաջիկա ՏԻՄ ընտրություններում կուսակցության ցուցակը գլխավորելու է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, նա լինելու է քաղաքապետի թեկնածուն։