Կամավոր ատեստավորման գործընթացն ուսուցիչներին հնարավորություն կտա ստանալ 30, 40 կամ 50 տոկոսով բարձր աշխատավարձ՝ կախված միավորներից: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ կարևորելով կրթական ոլորտի այս բարեփոխումը՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է համայնքային ենթակայության կրթօջախներում աշխատանքներ տանել գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ, որպեսզի ուսուցիչներն ատեստավորվեն և հնարավորություն ունենան ստանալ ավելի բարձր աշխատավարձ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Երևանի Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցում համայնքային բյուջեի միջոցներով ընթանում են հիմնանորոգման աշխատանքները: Փուլ առ փուլ իրականացվող նախագծով 2023 թվականին հարմարավետ պայմաններ կապահովվի ևս երեք մարզադահլիճում: Նախագծման մրցույթն արդեն հայտարարվել է:
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացի հատվածում 2023թ. շատրվանային համալիր կկառուցվի: Տարածքը ներկայումս գտնվում է անբարեկարգ վիճակում: Նախագծման մրցույթը հայտարարվել է այս տարի:
Երևանյան կանգառասրահները կարդիականացվեն: Ծրագիրը կիրականացվի փուլ առ փուլ վարչական շրջաններով, որպեսզի խնդրին համալիր լուծում տրվի: Ընթացիկ տարում կտեղադրվի 10 նոր կանգառասրահ: Գործընթացը կմեկնարկի Աջափնյակից: Մրցույթն արդեն կայացել է: Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում աջակողմյան երթևեկություն կազմակերպելու նպատակով կառուցվում է լրացուցիչ գոտի: Շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին: Կարևորելով երթևեկության արդյունավետ կազմակերպումը՝ քաղաքապետը նշել է, որ քայլեր պետք է ձեռնարկվեն խնդրահարույց բոլոր խաչմերուկներում: