Սխալ տեղում աղբ թափելու համար տուգանքի չափն էապես կմեծանա: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը՝ նշելով, որ նախաձեռնած օրենսդրական փոփոխությունների փաթեթն առաջիկայում կդրվի շրջանառության մեջ:
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է քայլեր ձեռնարկել նաև քաղաքը մշտապես աղտոտող բեռնատարների և բետոնախառնիչների խնդիրը կանոնակարգելու նպատակով՝ ավելացնելով տուգանքների չափը:
Քաղաքապետարանից նշում են, որ օրենսդրությամբ երթևեկելի հատվածի աղտոտումը սահմանում է 30 000 դրամ տուգանք, որի իրականացման պատասխանատուն ՀՀ ՃՈ-ն և պարեկային ծառայությունն են:
Մեկ այլ նախաձեռնությամբ՝ խստացվում է դեռևս 2009թ. Երևանի ավագանու սահմանած կարգը՝ անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման վերաբերյալ: Համաձայն որոշման, տնտեսվարողները պարտավոր են ամեն օր աղբից, ձմռանը՝ ձյան ու սառույցի կուտակումներից մաքրել մայթերի ասֆալտբետոնե և սալիկապատ ծածկերը, ինչպես նաև խնամել ու կանաչապատել հարակից սիզամարգերը:
Առկա 14 167 տնտեսվարողից 6 508-ին արդեն սահմանված նորմերը պահպանելու վերաբերյալ ծանուցումներ են ուղարկվել: Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է հետևողական լինել գործընթացը պատշաճ կազմակերպելու գործում՝ ընդգծելով, որ քաղաքում կան գործարարներ, որոնք բարեխղճորեն կատարում են ավագանու որոշումը: