Երևանի հասարակական տրանսպորտի մասին տեղեկատվությունը հասանելի է «Yandex»-ի էլեկտրոնային քարտեզում, հայտնել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Գործող երթուղիների և ավտոբուսային կանգառների թվայնացման աշխատանքների շրջանակներում «Yandex» ընկերության հետ համագործակցության արդյունքում աշխատանքներ են տարվել Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի երթուղիների թվայնացման ուղղությամբ։ Երևանում «Yandex» քարտեզների կանոնավոր թարմացման ուղղությամբ արդեն իսկ կատարված աշխատանքների շնորհիվ քաղաքի բնակիչների և հյուրերի համար առավել հարմարավետ է դառնում հասարակական տրանսպորտով երթուղիներ պլանավորել»,-գրել է նա։
Մասնավորապես, օգտագործելով «Yandex» քարտեզները, հնարավոր է տեսնել Երևանի հասարակական տրանսպորտի երթուղիները և կանգառները, պլանավորել երթևեկությունը՝ նշելով սկզբնակետը և վերջնակետը, կամ ընտրելով դրանք քարտեզի վրա։ Հնարավոր է տեսնել պլանավորված երթուղու ուղեգիծը, հասկանալ՝ ինչպե՞ս հասնել մոտակա կանգառ, ո՞ր համարի տրանսպորտը նստել և ինչքա՞ն կտևի երթևեկությունը։