«Ուժը Հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը քննադատել է Երևանի նախկին քաղաքապետ, դերասան, պրոդյուսեր Հայկ Մարությանի ներկայացումը՝ այն որակելով որպես «չթույլատրված նախընտրական հակաքարոզչություն, որը հատում է էթիկայի և բարոյականության բոլոր սահմանները»:
Ըստ Արզաքանցյանի՝ չէր անդրադառնա ներկայացմանը, եթե այնտեղ չհիշատակվեր իր և կնոջ անունը։ Նշենք, որ Մարությանը մի դրվագում նմանակում է Արզաքանցյանին և վերջինիս կնոջը՝ Նատալյա Արզաքանցյանին։
«Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ուշադրությունն եմ հրավիրում։ Խնդրում եմ ձեռնարկել համարժեք միջոցներ նախընտրական քարոզարշավի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումները վերացնելու ուղղությամբ»,-գրել է նա։
Արզաքանցյանը հավելելէ է, որ Մարությանի վարքագիծը «դատարկ ինքնահաստատման անհաջող փորձ է»։
«Հայկ Մարությանը փորձում է անհույս ճիգեր գործադրել, որպեսզի կրկին վերադառնա իր էությունից և ունակություններից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող ու իրեն բացարձակապես չհամապատասխանող քաղաքապետի պաշտոնին»,-հավելել է նա։
«Ուժը Հայրենյաց» կուսակցությունը մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին։ Կուսակցության քաղաքապետի թեկնածուն Նելլի Հարությունյանն է։
Օգոստոսի 19-ին Մարությանը հրապարակել էր «Քաղաքապետը» մոնոներկայացումը, որը 16 ժամում 218 հազար դիտում էր ունեցել։ Օգոստոսի 8-ին Հայկ Մարությանը հայտարարել էր, որ մասնակցելու է սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին։ Նա քաղաքապետի թեկնածու է։