Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 07:00-ից, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը կվերականգնի իր աշխատանքը, հայտնում են «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ից։
Տեղեկացնում են, որ գնացքների տեխնիկական զննումը մասամբ ավարտվել է։
Երևանի մետրոպոլիտենն այսօր փակ է եղել։ Այսօր ավելի վաղ տեղեկացրել էին, որ պատճառը երեկ տեղի ունեցած տեխնիկական խափանումն է, որի հետևանքով վագոնների մեկի առջևի ձախակողմյան անիվը վնասվել էր և կիսով չափ դուրս էր եկել ռելսից։
Երևանի մետրոպոլիտենը սեպտեմբերի 23-ին տեղեկացրել էր, որ ժամը 08:15-ի դրությամբ տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում «Սասունցի Դավիթ» կայարանից «Գործարանային» կայարան ուղեհատվածում։ Ժամը 08:50-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենն անցել էր մի գծանի-երկկողմանի երթևեկության։ Սեպտեմբերի 23-ի՝ ժամը 18:00-ի դրությամբ, Երևանի մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել էր։