«Մայր Հայաստան» դաշինքը չի մասնակցելու Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստին, հայտնում է դաշինքը Ֆեյսբուքի իր էջում։
«Ոչ իշխանական դաշտում Երևանի քաղաքապետի միասնական թեկնածուի շուրջ կոնսենսուսի բացակայության պայմաններում «Մայր Հայաստան» դաշինքը, ինչպես նախապես հայտարարել էր, չի մասնակցելու հոկտեմբերի 10-ին կայանալիք Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստին»,- ասված է հայտարարությունում։
Դաշինքը կոչ է անում հակաիշխանական վարքագծի և հռետորաբանության միջոցով քվե ստացած և անցողիկ շեմը հաղթահարած ոչ իշխանական մյուս ուժերին ևս բոյկոտել նիստը՝ այդպիսով բացառելով ՔՊ վերարտադրությունը մայրաքաղաքում և նախադրյալներ ստեղծելով Երևանում նոր ընտրությունների անցկացման համար։
«Ազգային առաջընթաց» կուսակցությունը հայտարարել էր, որ կբոյկոտի ավագանու նիստը, քանի որ հնարավոր չէ 31 ավագանու անդամով ընտրել ընդդիմադիր թեկնածու: Այսպիսով քաղաքապետ չի ընտրվի և նոր ընտրություններ տեղի կունենան: Մարությանը հայտնել էր, որ ԿԸՀ-ի կողմից ավագանու նոր կազմը հաստատելուց հետո, «Հանրային ձայն» կուսակցությունը ստացել է 7 մանդատ ավագանիում, սակայն նրանցի երկուսը` Արտակ Գալստյանը և Տիգրան Ուրիխանյանը չեն կարողանա մասնակցել խորհրդի առաջին նիստին, քանի որ Գալստյանը կալանավորված է, իսկ Ուրիխանյանը հետախուզման մեջ է։
«Հանրային ձայն» կուսակցությունը դեմ էր արտահայտվել Երևանի ավագանու նոր ընտրություններ անցկացնելուն։ Կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանն իր ուղիղ եթերում հայտարարել էր, որ պատրաստվում է մասնակցել Երևանի ավագանու անդրանիկ նիստին։
Սեպտեմբերի 17-ին մայրաքաղաք Երևանում տեղի էին ունեցել ավագանու 2023 թվականի ընտրություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 24-ի արտահերթ նիստում ամփոփել էր Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները՝ համաձայն որոնց անցողիկ շեմը հաղթահարել էին հետևյալ ուժերը՝ ՔՊ- 24 մանդատ, «Ազգային առաջընթաց»՝ 14 մանդատ, «Մայր Հայաստան» դաշինք՝ 12 մանդատ, «Հանրապետություն»՝ 8 մանդատ, իսկ «Հանրային ձայն»՝ 7 մանդատ։