Երևանի շենքերի գրեթե կեսը սեյսմիկ տեսանկյունից բարձր խոցելիություն ունի, ասուլիսում հայտարարել է «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» տնօրեն Սոս Մարգարյանը։
«Երևանում շենքերի 45%-ը բարձր խոցելիություն ունի»,- մանրամասնել է պաշտոնյան։
Մարգարյանի խոսքով՝ Երևանը սեյսմիկ վտանգի քարտեզի վրա 9 բալանոց գոտի է համարվում:
«Խորհրդային Միության տարիներին մեր պետության ամբողջ տարածքի մասով սեյսմիկ վտանգը թերագնահատված էր։ Այսինքն, եթե մենք այսօր ունենք 8, 9 և 10 բալանոց գոտիներ, ապա ըստ Խորհրդային Միության քարտեզի՝ ունեինք ընդամենը երկու՝ 7 և 8 բալանոց գոտիներ։ Հետևաբար, շենքերի՝ բնակֆոնդի մեծ մասի կառուցապատումն իրականացվել է 7 և 8 բալի համար»,- նշել է «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» տնօրենը։
Օգոստոսի 12-ին ՆԳՆ-ն հայտնել էր, որ Մարտունի քաղաքից 9 կմ հյուսիս-արևմուտք ընկած հատվածում ժամը 02:02-ին 4.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել։ Ըստ գերատեսչության՝ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 5-6 բալ: Գեղարքունիքի մարզում երկրաշարժն զգացվել էր 5 բալ, Կոտայքի մարզում՝ 4 բալ, իսկ Երևան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։ Ավելի ուշ ՆԳՆ-ն հայտնել էր, որ Հայաստանում ուժեղ երկրաշարժի սպառնալիքի հավանականությունը փոքր է, սակայն օջախային գոտում հնարավոր է թույլ հետցնցում։
Մանրամասները՝ տեսանյութում։