Երևանի և Հռոմի միջև ստորագրվել է «Բարեկամության և համագործակցության» համաձայնագիր, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն աշխատանքային այցով Իտալիայի մայրաքաղաք Հռոմում է գտնվում սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 1-ը: Այնտեղ նա հանդիպել է Հռոմի գործընկերոջ` Ռոբերտո Գուալտիերիի հետ, ապա կայացել է համաձայնագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը։
Ըստ քաղաքապետարանի՝ ստորագրված փաստաթղթով գործակցություն կծավալվի քաղաքային կառավարման, շրջակա միջավայրի պաշտպանության, կրթության, մշակույթի և մի շարք այլ ոլորտներում:
«Կարևորելով երկու երկրների միջև առկա տնտեսական ու մշակութային ամուր կապերը` կողմերը համոզմունք են հայտնել, որ երկու մայրաքաղաքների միջև հաստատվող գործակցությունը զարգացման և ընդլայնման մեծ հեռանկար ունի»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավինյանը Հռոմի գործընկերոջը փոխադարձ այցով հրավիրել է Երևան: