Երևանի կամուրջները տեխնիկական բնութագրեր կունենան, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ տարիների ընթացքում տրանսպորտային ու հետիոտնային անցուղիները քայքայվել ու մաշվածության բարձր մակարդակ են ձեռք
բերել։
Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի խոսքով՝ գործընթացն իրականացվում է ենթակառուցվածքների արդիականացման և ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցման համար։
«Տեխնիկական բնութագիրը կամրջային կառուցվածքի ամբողջ կմախքը պետք է բացի և ամբողջի նկարագիրը տա՝ հատկապես երկաթբետոնյա կամրջային կառուցվածների մասին է խոսքը՝ մետաղի քայքայվածություն, կոռոզիա, խախտումներ, շեղումներ։ Այսօրվա գույքագրմամբ՝ քաղաքապետարանի ձեռքի տակ կա 120 նման կառույց, որոնցից 47-ը կամուրջներն են, 26-ը՝ վերգետնյա անցումներ, 39-ը՝ ստորգետնյա անցումներ, կան կամրջային այլ կառույցներ՝ հեղեղատարներ, թունելային հատվածներ»,- ասել է նա։
Քաղաքապետարանից հավելել են, որ նախաձեռնությունն իրականացնելու նպատակով առաջիկայում կհայտարարվի մրցույթ. հաղթող կազմակերպությանը հետազոտություն իրականացնելու համար կտրվի շուրջ 8-9 ամիս։