Վերջերս հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների հետևանքով ոլորտում նոր կանոններ են սահմանվել: Նախ՝ 2021թ. հունվարի 1-ից անշարժ գույքի համար հարկ վճարելը պարտադիր է բոլորի համար: Նախկինում գույքահարկ վճարում էին այն սեփականատերերը, որոնց գույքի կադաստրային արժեքը գերազանցում էր 3 մլն դրամը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Մենք հանրապետությունում ունեինք հարյուր հազարներով բնակարաններ, որոնց կադաստրային արժեքը 3 մլն-ից ցածր էր և վերջիններիս համար գույքահարկ չէին վճարում, օրինակ, Երևանում ավելի քան 100 հազար նման բնակարան կար: Հարկային օրենսգրքով և դրանից հետո ընդունվեց օրենք անշարժ գույքի կադաստրային գնահատման վերաբերյալ. արդեն այստեղ տրամաբանությունը փոխվեց: Հարկման հիմքը կադաստրային արժեքն է, իսկ դա մոտարկվում է շուկայական արժեքին»,- նշել է ՀՀ ՏԿԵՆ համայնքային տեղեկատվական հոսքերի կառավարման բաժնի պետ Գարեգին Մանուկյանը:
Վերջին անգամ կադաստրային գնահատման մեթոդաբանությունը մշակվել էր 2002-ին՝ անշարժ գույքի շուկայի տվյալների հիման վրա, ինչը խիստ տարբերվում էր ներկայիս շուկայական արժեքներից: Միևնույն ժամանակ նախկին օրենսդրությամբ հողամասերը և շինությունները գնահատվում էին առանձին-առանձին. շինությունների համար՝ գույքահարկ, հողամասերի համար՝ հողի հարկ: Օրենքի փոփոխությամբ՝ 2021 թ. հունվարի 1-ից երկու հարկերը միավորվել են մեկում և կոչվում են «անշարժ գույքի հարկ»: