Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով իրադարձությունների զարգացմամբ պայմանավորված՝ «Արմենիա» ավիաընկերությունը չեղարկում է բոլոր կանոնավոր չվերթերը: Այս մասին հայտարարություն է տարածել ավիաընկերության ֆեյսբուքյան էջը։
Ըստ հայտարարության՝ մինչև հունիսի 13-ը ներառյալ կդադարեցվեն Երևան-Լիոն-Երևան, Երևան-Թել Ավիվ-Երևան, Երևան-Վորոնեժ-Երևան, Երևան-Միներալնիյե Վոդի-Երևան, իսկ Երևան-Մոսկվա-Երևան և Երևան-Թբիլիսի-Երևան բոլոր կանոնավոր չվերթերը չեղարկվում են մինչև հունիսի 30-ը ներառյալ:
«Հայտնում ենք, որ չեղարկված չվերթերի բոլոր ուղևորներին տրամադրվում է երաշխավորագիր (վաուչեր), առ այն, որ չօգտագործված ավիատոմսի գումարը համարվում է սառեցված «Արմենիա» ավիաընկերությունում և ենթակա է օգտագործման մեկ տարվա ընթացքում»,-նշված է հաղորդագրության մեջ։
Ավիաընկերությունը խնդրում է իր պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ [email protected], ուղղել նամակ՝ վաուչերի պահանջով՝ առարկա դաշտում նշելով «Չեղարկված չվերթի ավիատոմսի վաուչեր»:
Նշվում է, որ մեկ տարվա ընթացքում վաուչերի գումարը չօգտագործելու դեպքում, այն ենթակա է ամբողջական վերադարձի՝ քաղաքացիների դիմումի հիման վրա: