Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վստահ է, որ իր երկրում «մայդանները» բացառված են։ Այս մասին նախագահը հայտարարել Է երկրի պետական անվտանգության կոմիտեի նախագահ Վալերի Վակուլչիկի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն։
Նա կոչ է արել Բելառուսում տեղի ունեցող իրադարձությունները չհամեմատել Հայաստանում կամ Ուկրաինայում տեղի ունեցող որոշակի զարգացումների հետ:
«Պետք չէ մեզ համեմատել, ասել, թե մեզ մոտ նոր Փաշինյաններ, նոր Զելենսկիներ կան, թե մեզ մոտ գրեթե նույն իրավիճակն է, ինչը Հայաստանում և Ուկրաինայում: Պետք է ասեմ, որ իրավիճակը կարող է տարբեր կերպով դասավորվել: Միայն թե մենք Փաշինյաններ և Զելենսկիներ չունենք», – ասել է Լուկաշենկոն:
Ըստ Լուկաշենկոյի՝ անկախ նրանից, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում և Ուկրաինայում, Զելենսկին և Փաշինյանը տաղանդավոր մարդիկ են:
«Այդ մարդիկ տաղանդավոր են և ամենակարևորն՝ իրենց երկրի հայրենասերները: Իսկ մեր մոտ ոմանք ուզում են մեկ կոպեկով վաճառել այն ամենը, ինչը ստեղծվել է այստեղ ոչ միայն նախագահ Լուկաշենկոյի, ոչ միայն իշխանությունների կողմից: Ժողովրդի կողմից է ստեղծվել։ Հետևաբար, դա չի կարելի թույլ տալ», – հայտարարել է հանրապետության ղեկավարը:
Լուկաշենկոն նշել է, որ ապակայունացում նա թույլ չի տա, թեև ոչ մեկի «բերանը փակել» չի պատրաստվում: Նրա խոսքով՝ երկրի քաղաքներում կան հատուկ վայրեր, որտեղ կարելի է հանրային քննարկումներ անցկացնել, միայն Մինսկում նման վեց կետ կա: