ՀՀ-ում գրանցված ավիաընկերությունները շարունակելու են չվերթեր իրականացնել դեպի այլ պետություններ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն՝ անդրադառնալով Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալությունը՝ EASA-ի նիստի արդյունքում այսօր դեպի ԵՄ օդային տարածք թռիչքների արգելման թարմացված ցուցակի վերաբերյալ հրապարակմանը։
Հիշեցնենք, որ Եվրահանձնաժողովի այսօրվա որոշման արդյունքում Հայաստանում հավաստագրված բոլոր ավիաընկերությունները ավելացվել են դեպի ԵՄ երկինք մուտքն արգելող ցուցակում:
Այս առնչությամբ կոմիտեից պարզաբանել են, որ այս որոշմամբ սահմանափակվում է ՀՀ-ում գրանցված օդանավ շահագործողների՝ դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու իրավունքը (բացառությամբ քաղաքացիների տարհանման, մարդասիրական և բժշկական նպատակներով իրականացվող թռիչքների)։
Նշվում է նաև, որ ՀՀ-ում գրանցված ավիաընկերությունները շարունակելու են չվերթեր իրականացնել դեպի այլ պետություններ: Բացի այդ, սույն որոշումը որևէ ազդեցություն չի ունենա այլ միջազգային ավիաընկերությունների կողմից ԵՄ-ից դեպի ՀՀ և ՀՀ-ից դեպի ԵՄ չվերթեր իրականացնելու վրա:
«Համաձայն Եվրոպական հանձնաժողովի և ԵՄ թռիչքային անվտանգության կոմիտեի՝ ՀՀ-ում գրանցված օդանավ շահագործողներին ԵՄ թռիչքային անվտանգության ցանկում ընդգրկելու որոշման պատճառը երկար տարիներ շարունակ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից ոչ պատշաճ վերահսկողության և ոչ լիարժեք սերտիֆիկացման գործառույթների իրականացումն է»-նշված է հաղորդագրության մեջ։
Կոմիտեն հավաստիացրել է, որ 2019 թվականի նոյեմբերի 20-ին Եվրոպական թռիչքային անվտանգության թիմի նիստից ի վեր լուրջ քայլեր է ձեռնարկել և շարունակում է անհրաժեշտ միջոցառումներ իրականացնել՝ ՀՀ-ում թռիչքային անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով:
Ի հավելում վերնշյալի՝ ներկայացվել են ԵՄ մի շարք պաշտնյաների հայտարարություններն ուղղված ՔԱԿ-ին։ Մասնավորապես, ԵՄ ավիացիոն ոլորտի տնօրեն Ֆիլիպ Կոռնելիսը ՔԱԿ-ի ղեկավարին ուղղված նամակում նշում է. «Ես ուրախ էի տեսնել և արձանագրել ՀՀ կառավարության հանձնառությունը՝ աջակցելու Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին: Այդ աջակցությունը, Ձեր մասնագիտական կարողությունների և հմտությունների հետ մեկտեղ, մեծ դեր են խաղում վերոնշյալ խնդիրները լուծելու համար»:
Իսկ ԵՄ տրանսպորտի հարցերով հանձնակատար Ադինա Վալեանը ԵՄ պաշտոնական կայքում իր հերթին նշել է. «Եվրոպական հանձնաժողովը, Եվրոպական միության թռիչքային անվտանգության գործակալության աջակցությամբ, պատրաստ է համագործակցել և ներդրում ունենալ Հայաստանում թռիչքային անվտանգության մակարդակը բարելավելու գործում»:
«ԵՄ անդամ պետությունների ավիացիոն իշխանությունները նույնպես հայտնել են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ սերտորեն համագործակցելու իրենց պատրաստակամության մասին»,-նշված է Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։