Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային, ով ավարտում է առաքելությունը մեր երկրում: Այս մասին Armenia Today-ին հայտնում են Կառավարության աշխատակազմից։
Վարչապետը բարձր է գնահատել Ն.Վուտովայի և ԵԽ հետ համագործակցությունը՝ նշելով, որ Եվրոպայի խորհուրդը Հայաստանի կարևորագույն գործընկերներից է ժողովրդավարության հետևողական զարգացման և ամրապնդման գործում:
Նատալյա Վուտովան պատիվ է համարել Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարի պաշտոնում աշխատանքը և ընդգծել, որ ԵԽ-ն մեծապես կարևորում է Հայաստանի հետ համագործակցությունը: Նրա խոսքով՝ Եվրոպայի խորհուրդն ուժեղ է, երբ ուժեղ են իր անդամ պետությունները, և ԵԽ-ն պատրաստակամ է շարունակել աջակցությունը Հայաստանին՝ ժողովրդավարության հզորացման, օրենքի գերակայության ամրապնդման և մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ:
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի ժողովրդավարական օրակարգին:
Վարչապետն ընդգծել է՝ բարեփոխումների շարունակական իրականացումը, ինստիտուտների հզորացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններն են: Դրանք միտված են ՀՀ քաղաքացիների ազատ կամարտահայտման երաշխավորմանը, դատական համակարգի անկախությանը, կառավարման թափանցիկության ապահովմանը, խոսքի ազատության երաշխավորմանը, և կառավարությունը հետևողականորեն առաջ է շարժվելու այս օրակարգի իրագործման ուղղությամբ:
Հանդիպմանն անդրադարձ է եղել դատաիրավական ոլորտի բարեփոխումներին: Նիկոլ Փաշինյանն այդ առնչությամբ նշել է, որ ռեֆորմը միտված է դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության վերականգնմանը: Նատալյա Վուտովան իր հերթին ասել է, որ ԵԽ-ն կշարունակի խորհրդատվական օժանդակություն ցուցաբերել Հայաստանի կառավարությանն այս գործընթացում:
Վարչապետը և Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարը մտքեր են փոխանակել նաև 2018թ. թավշյա, ոչ բռնի հեղափոխության և դրա արժեքների կյանքի կոչման շուրջ:
Կիսվելով իր տպավորություններով՝ Նատալյա Վուտովան նշել է, որ ուրախ է եղել հեղափոխության օրերին գտնվել Հայաստանում, զգալ տիրող համերաշխության մթնոլորտը և մաս կազմել Հայաստանի, հայ ժողովրդի համար պատմական այդ իրադարձություններին: