Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Իսա Ալ Զաաբին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Այս մասին տեղեկացնում է կառավարության աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Վարչապետը նշել է, որ դեսպանի գործունեության ժամանակահատվածում Հայաստանի և ԱՄԷ-ի հարաբերություններում եղել է ակտիվ և արդյունավետ շրջան: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը հետաքրքրված է ԱՄԷ-ի զարգացման ու բարեփոխումների փորձով:
«Հույս ունենք, որ առաջիկայում մեր երկիրն էլ ավելի հետաքրքիր կդառնա ձեր երկրի բիզնեսի համար՝ ներդրումային տարբեր նախագծեր կյանքի կոչելու նպատակով»,- ասել է վարչապետը՝ առևտրատնտեսական համագործակցության զարգացման ու ընդլայնման առումով կարևորելով միջկառավարական տնտեսական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը, որի անդրանիկ նիստը տեղի է ունեցել նախորդ տարվա գարնանը՝ Երևանում:
Կառավարության ղեկավարը շեշտել է երկկողմ քաղաքական բարձր մակարդարկի հարաբերությունների փաստը և շնորհակալություն հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում հավասարակշռված դիրքորոշում ցուցաբերելու համար:
Վարչապետն ԱՄԷ կառավարությանը շնորհակալություն է հայտնել նաև կորոնավիրուսի դեմ պայքարում հայկական կողմին ցուցաբերված աջակցության համար և վստահությամբ նշել, որ համավարակը կհաղթահարվի սերտ համագործակցության արդյունքում:
Իր հերթին, Մուհամմադ Իսա Ալ Զաաբը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին և ՀՀ կառավարությանը սերտ համագործակցության համար և հավելել, որ հետագա գործունեության ընթացքում էլ շարունակելու է ջերմ կապեր պահպանել Հայաստանի ու հայ ժողովրդի հետ: Իր խոսքում դեսպանը նշել է, որ տպավորված է ՀՀ կառավարության երիտասարդ անդամների արդյունավետ գործունեությամբ, ինչի արդյունքում նախորդ տարվա ընթացքում երկրում արձանագրվել են մի շարք դրական ցուցանիշներ, մի շարք ոլորտներում իրականացվում են խորը բարեփոխումներ :
Ըստ Մուհամմադ Իսա Ալ Զաաբի՝ նախորդ տարվա ընթացքում աճ է արձանագրվել երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններում, ինչպես նաև զբոսաշրջային ոլորտի համագործակցության մեջ: Պարոն Զաաբն ընդգծել է, որ իր երկրի կառավարությունը ևս շահագրգռված է Հայաստանի հետ փոխգործակցության ընդլայնմամբ՝ տնտեսության, այդ թվում ՝գյուղատնտեսության, առողջապահության, սննդի անվտանգության, զբոսաշրջության և օդային հաղորդակցության ոլորտներում: