ՌԴ-ից արտասահմանյան երկրներ թռիչքների վերսկսման համար կորոնավիրուսով հիվանդացությունը այդ երկրներում պետք է կազմի 100 հազար բնակչության հաշվով մոտ 40 մարդ։ Այս մասին «РИА новости»-ի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան։
Նա հավելել է, որ վարակվածների թվի միջին օրական աճը և նման պետություններում հիվանդության տարածման ցուցանիշը չպետք է գերազանցի մեկ տոկոսը: Գոլիկովան նշել է, որ ավիացիոն իշխանությունները պետք է բանակցություններ վարեն և պարզեն, թե որ երկրներն են համապատասխանում այդ չափանիշներին։
Փոխվարչապետը հայտարարել է, որ ՌԴ իշխանությունները հուլիսի 15-ից կսկսեն աստիճանաբար հանել դեպի արտերկիր թռիչքների սահմանափակումները: Ըստ նրա՝ դա հնարավոր է դարձել, քանի որ Ռուսաստանում արդեն երկար ժամանակ է՝ նվազում են հիվանդացության տեմպերը։
Փոխվարչապետը նաև պատմել է, որ անբարենպաստ համաճարակաբանական իրավիճակով երկրներից ժամանած մարդկանց հավանաբար կուղարկեն կարանտին: