Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Իտալիայի առաջնությունում թուրինցիների հաղթանակը նվիրել է կորոնավիրուսից տուժած երկրպագուներին:
Հուլիսի 26-ին «Յուվենտուսը» դարձավ A Սերիայի չեմպիոն՝ 9-րդ անգամ անընդմեջ և 36-րդ անգամ հաղթելով ազգային առաջնությունում: Այս մասին հայտնում է Iz.ru-ն։
Դրանից հետո Ռոնալդուն Instagram-ում պատմել է, որ ուրախ է երկրորդ անընդմեջ չեմպիոնությունը նվաճել թուրինյան ակումբի կազմում և «շարունակել ստեղծել այդ մեծ ակումբի պատմությունը»:
«Այս տիտղոսը նվիրվում է «Յուվենտուսի» բոլոր երկրպագուներին, մասնավորապես նրանց, ովքեր տուժել են համաճարակի պատճառով, որը մեզ բոլորիս անակնկալի է բերել և աշխարհը շուռ տվել։ Դա հեշտ չէր, բայց Ձեր խիզախությունն ու աջակցությունը մեզ ուժ էին տալիս, որն այդքան անհրաժեշտ էր առաջնության վճռորոշ հատվածում»,- գրել է պորտուգալացի ֆուտբոլիստը։
Նշենք՝ Ռոնալդուն «Յուվենտուս» է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»-ից 2018 թվականին։ Հարձակվողի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառը։