ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեն ամերիկյան հետախուզության ֆինանսավորման օրինագծում ներառել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին վերաբերող դրույթ: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։
Նշված դրույթը կոչ է անում ԱՄՆ հետախուզական հանրությանը գրավոր գնահատական տալ Կոնգրեսին, թե ով է նախաձեռնում ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ դա կօգնի զսպել Ադրբեջանի ագրեսիան և կնպաստի 1994 թվականի հրադադարի ռեժիմի կայունացմանը: Նշված գնահատականը պետք է ներառի, մասնավորապես, հարավկովկասյան տարածաշրջանում ԱՄՆ-ի և նրա գործընկերների ռազմավարական շահերի սահմանումը, Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում և նրա շուրջ և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին ուժի կիրառման բոլոր նշանակալի դեպքերի նկարագրությունը, ինչպես նաև այն գնահատականը, թե ով է նախաձեռնել ուժի կիրառումը:
ԱՄՆ հետախուզությունը պետք է գնահատի նաև ԱՄՆ-ի ռազմական օգնության ազդեցությունը Ադրբեջանին և Հայաստանին՝ ուժերի տարածաշրջանային հավասարակշռության և ռազմական ուժի հետագա օգտագործման հավանականության վրա, ինչպես նաև կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում տարածաշրջանում ուժի հետագա կիրառման կամ պոտենցիալ ապակայունացնող գործողությունների հավանականությունը: