Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացիություն ունեցող բլոգեր Ալեքսանդր Լապշինը Facebook-ի իր էջում լուսանկար է հրապարակել և տեղեկացրել, որ Իսրայելի ադրբեջանական համայնքում օգոստոսի 9-ին Յաֆֆայի հայկական եկեղեցու դեմ ծրագրված սադրանքի հրավերներ են տարածվում:
«09.08.2020-ին Թել-Ավիվ Յաֆֆայի հայկական եկեղեցու դեմ ծրագրված սադրանքի ահա այսպիսի հրավերներ են տարածվում Լապշիւմ՝ ներկայումս Իսրայելի ադրբեջանական համայնքի շրջանում: Երևում է՝ Բաքվից կարգադրություն է ստացվել անկարգություններ հրահրել և հարձակումներ գործել հայկական եկեղեցիների, խանութների և ուղղակի էթնիկ հայերի վրա:
Անձամբ ես կարծում եմ, որ ժողովրդավարական երկրում ցանկացած համայնք իրավունք ունի իր կարծիքը հայտնելու, խաղաղ ակցիա անցկացնելու, հայտարարելու իր պահանջների մասին: Բայց երբ ակցիայի վայրը ընտրված չէ քաղաքի կենտրոնը, ինչ-որ հրապարակ, այլ հենց հայկական եկեղեցին, սա սադրանքի ուղի է իրենից ներկայացնում: Ստացվում է, որ մահմեդական ադրբեջանցիները ցույց են իրականացնում հայկական եկեղեցու դեմ, որին ի պաշտպանություն դուրս կգան քրիստոնյաները: Բարիկադների երկու կողմերում էլ տաք գլուխներ կան, դեռ մի բան էլ Բաքվից են դրդում»,-գրել է բլոգերը։
Ըստ Լապշինի՝ դա ճիշտ չէ: «Չի կարելի դիպչել կրոնին, եկեղեցիները, մզկիթներն ու սինագոգերը չի կարելի հարաբերություններ պարզելու և սադրանքի վայրեր սարքել»,-նշել է նա։
Բլոգերը հավելել է նաև, որ Իսրայելի հայ համայնքի փոխարեն ինքը կդիմեր իսրայելական ոստիկանությանը` խնդրելով արգելել ցույցը հայկական եկեղեցու դիմաց` կրոնական անհանդուրժողականության հողի վրա բռնություններից խուսափելու համար: «Քրիստոնյաներն ու մահմեդականները չպիտի առերեսվեն հարաբերություններ պարզելու համար, դա արդեն ժողովրդավարություն չէ, այլ ուղի դեպի քաոս։ Թել-Ավիվ Յաֆֆան միշտ եղել է քրիստոնյաների, մահմեդականների և հրեաների խաղաղ գոյակցության խորհրդանիշ: Չի կարելի թույլ տալ, որ Բաքվի ակտիվիստները խախտեն հավասարակշռությունն ու կրոնական ատելություն մտցնեն քաղաք»,-նշել է նա։
Լապշինը չի բացառել, որ հնարավոր է՝ տեղի ունենան նաև հարձակումներ համայնքի ակտիվիստների վրա և առաջարկել է տեսախցիկներ տեղադրել Իսրայելի բոլոր հայկական օբյեկտներում, որտեղ հնարավոր է վանդալիզմ լինի` եկեղեցիներ, հասարակական կենտրոններ, հուշարձաններ, գերեզմաններ: