Գերմանիան 2019 թվականի հոկտեմբերի 9-ից մինչև 2020 թվականի հուլիսի 22-ը թույլ է տվել 25 միլիոն 900 հազար եվրոյի ռազմական տեխնիկա վաճառել Թուրքիային: Այս մասին տեղեկացնում է Gazete Karınca պարբերականը:
Տեղեկատվությունը հանրային է դարձել այն բանից հետո, երբ Գերմանիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը պատասխանել է Ձախերի կուսակցությունից թուրքական ծագմամբ պատգամավոր Սևիմ Դաղդելենի հարցին:
Նշվում է, որ վաճառքի թույլատրված ռազմական արդյունաբերության արտադրանքի մեջ չեն եղել պատերազմական զենքեր:
Պատգամավոր Դաղդելենը սուտ է համարել Դաշնային կառավարության հայտարարությունը, որ Թուրքիային պատերազմական զենքեր չեն վաճառվել, որոնք կարող են օգտագործվել Սիրիայում:
2019 թվականի աշնանը Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողություն սկսելուց հետո Գերմանիան սահմանափակումներ էր մտցրել Թուրքիային զենք վաճառելու հարցում և հայտարարել էր, որ այդ երկրին չեն վաճառվելու զենքեր, որոնք կարող են օգտագործվել ռազմական գործողություններում: