ՌԵՍՈ ապահովագրական խմբի համասեփականատեր Նիկոլայ Սարկիսովը հայտարարել է, որ ադրբեջանական բիզնեսի ներկայացուցիչները հրաժարվում են փոխհատուցել հայ ձեռներեցների վնասները, որոնք նրանք կրել են Մոսկվայում հուլիսին գրանցված անկարգությունների ժամանակ:
Ըստ РБК-ի՝ բողոքը հրապարակվել է Սարկիսովների ընտանիքի և «Հայերի ասամբլեայի» անունից: Սարկիսովը հիշեցրել է, որ ուժի մեջ է իր ընտանիքի պատրաստակամությունը՝ փոխհատուցել Մոսկվայում ադրբեջանցի գործարարների սեփականությանը հայերի կողմից հասցված վնասը։
«Միաժամանակ ստիպված եմ ափսոսանքով նշել, որ Մոսկվայի ադրբեջանական խոշոր գործարար համայնքի կողմից պատասխան քայլեր չկան», – ավելացրել է Սարկիսովը:
Այս առիթով նա ասել է, որ իր ընտանիքը պատրաստ է փոխհատուցել նաև մոսկվայաբնակ հայ ձեռներեցների կրած վնասը։
«Չկիսելով այն կարծիքը, որ հայերն ու ադրբեջանցիները հավասար պատասխանատվություն են կրում Մոսկվայում վերջերս գրանցված իրադարձությունների համար, կարծում եմ, որ նրանք իրավունք ունեն պաշտպանել իրենց ունեցվածքն ու մասնավոր սեփականությունը»,- նշել է նա: