Բեյրութի նավահանգստում օգոստոսի 4-ին տեղի ունեցած աղետալի պայթունի զոհ են դարձել հարյուրավոր լիբանանցիներ, որոնցից 11-ը, հայեր են: Նրանցից 2-ի ինքնությունը պարզվել է՝ Շանթ Հակոբյան և Ալիս Բալայան։ Այս մասին գրում է «Արևելք»-ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև 9 զոհերի ինքնությունը՝ Նազար Նաջարյան, Ջեսիքա Պէզճյան, Տելիա Փափազյան, Ժակ Բարամագյան, Անահիտ Բերբերյան, Լիզա Գաւուքճեան-Կոզուպէօուքեան, Վարուժան Թոսունյան, Կայա Ֆոտուլյան, Սարգիս Թեքիրյան:
Հիշեցնենք՝ օգոստոսի 4-ի պայթյունի ալիքով ոչնչացվել և վնասվել են հարյուրավոր շենքեր, ավելի քան 300 հազար մարդ անօթևան է մնացել:
Ըստ Լիբանանի ներքին գործերի նախարարության տվյալների՝ ողբերգության պատճառը եռակցման աշխատանքների ժամանակ ավելի քան 2,7 հազար տոննա ամոնիակային սելիտրայի բռնկումն է եղել, որն առգրավվել է վեց տարի առաջ մաքսային ծառայությունների կողմից:
Իշխանությունները միջադեպի կապակցությամբ ձերբակալել են նավահանգստի վարչակազմի 16 անդամների, այդ թվում՝ նրա տնօրենին։
Պայթյունի հետևանքով Առնվազն 149 մարդ է զոհվել, ավելի քան 5000-ը տուժել։