COVID-19-ի պատճառով հայրենադարձության գործընթաց է սկսվել: Այս մասին այսօր Civilnet-ի կազմակերպած «Բեյրության աղետ. ինչպե՞ս աջակցել հայ համայնքին» թեմայով առցանց քննարկման ընթացքում ասել է Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը։
Սինանյանը տեղեկացրել է, որ վերջին երեք շաբաթվա ընթացքում 4 մարդատար ինքնաթիռ՝ մոտ 300 հայրենադարձներով, Լիբանանից եկել է Հայաստան։ «Միանշանակ է, Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է, որ հայրենադարձությունը մեր ազգային անվտանգության ծրագրի մի մասն է, որ մենք հայրենադարձության շնորհիվ և հայրենադարձության հաշվին նպատակ ունենք Հայաստանի բնակչությունը զգալիորեն ավելացնել: Սրանք փաստեր են, որոնք գաղտնիք չեն որևէ մեկի համար»,նշել է Սփյուռքի հարցերով պաշտոնյան։
Ըստ Սինանյանի՝ մենք պետք է այնպիսի իրականություն ստեղծենք Հայաստանում, որ ոչ շատ հեռավոր ապագայում կարողանանք մտածել ոչ միայն հայերի հայրենադարձման, այլև Հայաստանը հայերի նման ազգերի համար հայրենիք դարձնելու մասին։ «Խոսքս Իսպանիայի արաբների, ասորիների, այն ազգերի մասին է, որոնք ազգային անվտանգության վտանգ չեն ներկայացնում Հայաստանին և կարող են հեշտորեն ինտեգրվել մեր երկրում, որովհետև խելացի, մտածված, քաղաքակիրթ ձևերով մենք կարող ենք դեմոգրաֆիկ իրավիճակը փոխել Հայաստանում, և դրանից պետք չէ ամաչել, դա ճիշտ քայլ է»,- նշել է նա: