«Զվարթնոց» օդանվակայանից առաջին ինքնաթիռն է մեկնում Բեյրութ` օգնություն հասցնելու հուժկու պայթյունից տուժած քաղաքին:
Մոտ մեկ ժամից Հայաստանից Լիբանան կժամանի առաջին օդանավը` բեռնված 12 տ դեղորայքով և բժշկական գույքով: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
Սինանյանը հայտնել է նաև, որ այսօրվա օգնությունը կտրամադրվի Լիբանանին, իսկ հաջորդիվ հատուկ օգնություն կտրամադրվի Բեյրութի հայ համայնքին` ըստ կարիքների:
Վաղը և օգոստոսի 11-ին Հայաստանից Լիբանան կմեկնեն հաջորդ ինքնաթիռները:
«Օգնության այս երեք չվերթներով չենք բավարարվելու, ուստի այսօր մեր պատվիրակությունը կմեկնի և տեղում կծանոթանա հայերի խնդիրներին` կրկին օժանդակելու նպատակով»,- ասել է Սինանյանը:
Նշենք, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը օգոստոսի 8-12-ը ներառյալ կգործուղվեն Լիբանանի Հանրապետություն (քաղաք Բեյրութ)՝ հումանիտար բեռն ուղեկցելու, հայ համայնքի ընդհանուր իրավիճակին, խնդիրներին ծանոթանալու, համայնքային կառույցների, հոգևոր շրջանակների հետ հանդիպելու, կարիքները գնահատելու և անհրաժեշտ աջակցության ուղիները մշակելու նպատակով: