Բեյրութում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ 490 մարդ է վիրավորվել։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով Al-Manar հեռուստաալիքը։
Հ ամաձայն գործակալության տեղեկատվության՝ Լիբանանի մայրաքաղաքում նոր բողոքի ակցիաների առիթ է դարձել օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած ավերիչ պայթյունը: Զանգվածային փողոցային ակցիաների կոչ է արել ընդդիմադիր «Քաթաիբ» կուսակցության առաջնորդ Սամի Ժմայելը։
Բողոքի ակցիաների ընթացքում մի խումբ երիտասարդներ գրոհով վերցրել են մի ԱԳՆ-ի շենքը, որտեղ կազմակերպել են իրենց շտաբ-բնակարանը, ինչպես նաև էկոնոմիկայի, շրջակա միջավայրի, էներգետիկայի նախարարությունների շենքերը։ Բացի այդ, հաղորդվում է լիբանանյան Բանկերի ասոցիացիայի շտաբ-բնակարանի գրավման մասին:
Al Jazeera հեռուստաալիքի վրա հղումով հաղորդվում է, որ ավելի ուշ լիբանանցի զինծառայողները, որոնք շրջափակել են Լիբանանի ԱԳՆ շենքը Բեյրութում, ստիպել են նրանց լքել արտաքին քաղաքական գերատեսչության շենքը։
Միևնույն ժամանակ գործակալությունը հայտնում է, որ հարյուրավոր լիբանանցիներ իրենց դիրքերն են պահպանում խորհրդարանի շենքի առջև: Նրանց հիմնական պահանջը երկրի ողջ քաղաքական վերնախավի, այդ թվում ՝ նախագահի, կառավարության և խորհրդարանի ղեկավարների հրաժարականն է։
Իր հերթին Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը կոչ է արել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել: Նա դիմել է ցուցարարներին և հայտարարել, որ ընտրությունները «կարող են լուծում դառնալ ճգնաժամից դուրս գալու համար»:
Ի պաշտպանություն խաղաղ ցույցերի՝ հանդես է եկել Լիբանանում ԱՄՆ դեսպանատունը։ Ինչպես ասված է Twitter-ում տեղադրված դիվանագիտական ներկայացուցչության հաղորդագրության մեջ՝ ԱՄՆ-ն պաշտպանում է լիբանանցիների խաղաղ բողոքի իրավունքը և բնակչությանը կոչ է անում հրաժարվել բռնությունից: