«Լիբանանում մենք երկու տեսակ տեղեկություն ստացանք։ Մեր հոգևոր առաջնորդները հավաստիացրին, որ համայնքը կվերկանգնվի, և այս ամենն անցողիկ է։ Բոլոր այլ կազմակերպությունների և, նամանավանդ, անհատների հետ հանդիպման ընթացքում այլ պատգամներ ստացանք։ Բացահայտ էր մարդկանց խուճապային տրամադրությունը՝ լքելու Լիբանանը.նրանց մեծ մասը ցանկություն ուներ գալ Հայաստան»։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարերեց Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ պատասխանելով Armenia Today-ի հարցին, թե ինչ իրավիճակ է ներկայումս լիբանանահայերի մոտ, ի՞նչ է պարզաբանվել Սինանյանի՝ Լիբանան կատարած այցի ընթացքում։
Ըստ նրա՝ խնդիրն իսկապես բարդ է, քանի որ այս սահմանափակումների արդյունքում նրանք չեն կարողանում իրենց գումարները դուրս բերել բանկերից, չեն կարողանում վաճառել իրենց բնակարաններն ու բիզներսները։
«Այս պահին էլ կա հոսք։ Հուլիսի 14-ի, 24-ի, 21-ի, 28-ի, օգոստոսի 4-ի և 11-ի չվերթներով Հայաստան է եկել 370 մարդ։ Մենք հետևում ենք, թե վերջիններս ինչո՞ւ են եկել, ովքե՞ր են և այլն»,-նշել է հանձնակատարը։
Սինանյանը հայտնել է նաև, որ երեք ինքնաթիռները, որ մարդասիրական օգնություն տարան Լիբանան, իրենց հետ բերեցին 101 մարդ։ «Նրանք պարզապես մարդիկ էին, որոնք չէին կարող մնալ Լինանանում, որոնք եկան հիմնվելու Հայաստանում։ Մենք թելադրողի դերում չենք, այլ ընդունողի»,-նշել է նա։
Ըստ Սինանյանի՝ պատրաստվելու իմաստով ՀՀ-ն հայտարարել է, որ հայրենադարձությունը ռազմավարական ուղղություներից մեկն է։ «Այն պատրաստությունները, որ տեսնում ենք, բոլոր հայրենադարձների համար է, ոչ միայն՝ լիբանանահայերի»։