ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Էգեյան ծովում և Արևելյան Միջերկրականի տարածաշրջանում Թուրքիայի կողմից կատարված գործողությունների կապակցությամբ։
Նշենք, որ այսօր հայտնի է դարձել, որ թուրքական սուզանավը Աթենքից 70 կմ հեռավորության վրա մոտեցել է հունական Սունիոն հրվանդանին՝ ներխուժելով հունական տարածքային ջրեր։ Հունաստանի ՌՕՈՒ-ում տագնապ է հայտարարվել, և այսօր առավոտից ուղղաթիռների անձնակազմերը խիստ հսկողություն են սահմանել Էգեյան ծովի յուրաքանչյուր շրջանի վրա:
ԱԳՆ-ից հայտնում են, որ Հայաստանը ուշադիր հետևում է Թուրքիայի ապօրինի և սադրիչ գործողությունների հետևանքով Էգեյան և Արևելյան Միջերկրական տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումներին և նավատորմային մոբիլիզացիային: Ըստ հաղորդագրության՝ Արևելյան Միջերկրականում այս ապակայունացնող կեցվածքն ի ցույց է դնում Թուրքիայի՝ իր հարևան տարածաշրջաններում հետևողականորեն վարվող ագրեսիվ և ծավալապաշտական քաղաքականությունը։
«Մենք վերահաստատում ենք Հայաստանի անվերապահ աջակցությունն ու համերաշխությունը Հունաստանին և Կիպրոսին և կոչ ենք անում Թուրքիային քայլեր ձեռնարկելու լարվածության նվազեցման ուղղությամբ, հարգելու միջազգային իրավունքը և դադարեցնելու Հունաստանի և Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտիներում բոլոր գործողությունները»,-ասվում է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ: