Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսանդր Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է Տոմսկից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռում: Օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում, որտեղ քաղաքական գործիչը հոսպիտալացվել է:
Meduza լրատվամիջոցի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը: Նավալնին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում անգիտակից վիճակում նրա վիճակը գնահատվում է ծանր:
Ըստ Յարմիշի՝ Նավալնին գիտակցությունը կորցրել է ինքնաթիռում: Ուղևորները լսել են նրա գոչյունները: Ուղևորներից մեկը տեսանյութ է հրապարակել:
Քաղաքական գործչի մամուլի քարտուղարը ենթադրում է, որ Նավալնիին թունավորել են՝ թեյի մեջ ինչ-որ բան խառնելով, քանի որ նա առավոտից միայն թեյ է խմել: Յարմիշը Նավալնիի թունավորումը կապել է Ռուսաստանում նրա նախընտրական արշավի հետ:
Ալեքսեյ Նավալնին հայտնի է դարձել Ռուսաստանում կոռուպցիայի մասին իր հետաքննություններով։ Իրեն ներկայացնում է որպես գլխավոր ընդդիմախոս Ռուսաստանի ղեկավարությանը՝ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ։ 2012 թվականին Time ամսագրի կողմից ներառվել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկում, իսկ 2017 թվականի հունիսին՝ համացանցի 25 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում: