Սիրիայի ողջ տարածքը հոսանքազրկվել է երկուշաբթի օրը երկրի հարավում տեղի ունեցած գազատարի պայթյունի պատճառով: Այս մասին հայտնել է SANA գործակալությունը՝ վկայակոչելով Սիրիայի նավթի և հանքային պաշարների նախարար Ալի Ղանիմի հայտարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Իրադրության գնահատումից հետո պարզվել է, որ Ադրա և Դումեյր շրջանների միջև գազատարում տեղի ունեցած պայթյունը պայմանավորված է եղել ահաբեկչական գործողությամբ։
Ղանիմը նաև հավելել է, որ մասնագետներին հաջողվել է վերացնել հանրապետության բոլոր էլեկտրակայաններում առկա անսարքությունները, որոնցից յուրաքանչյուրը պատրաստ է աշխատանքի:
Նրա գնահատմամբ՝ առաջիկա ժամերին կհաջողվի վերսկսել էլեկտրաէներգիայի մատակարարումը երկրի ամբողջ տարածքում։