ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Սթիվեն Բիգենը Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի հետ քննարկել է «երկրում ժողովրդավարության և մարդու իրավունքների ամրապնդման» ուղիները: Այս մասին, ինչպես հաղորդում Է ՏԱՍՍ-ը, ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության հայտարարության մեջ։ Հանդիպումը կայացել է երկուշաբթի՝ Վիլնյուսում։
«Պետքարտուղարի առաջին տեղակալը հանդիպել է Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի հետ՝ քննարկելու երկրում տիրող իրավիճակը և այն, թե ինչպես քաղաքացիական հասարակությունը կարող է ամրապնդել երկրում ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները: Պետքարտուղարի առաջին տեղակալը հաստատել է ԱՄՆ հավատարմությունը Բելառուսի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև՝ երկրի ժողովրդի՝ սեփական առաջնորդներին ընտրելու և իրենց ապագան որոշելու ինքնիշխան իրավունքին», – ասված Է տեքստում:
Պետդեպարտամենտը նշում է, որ Բիգենը նաև հանդիպումներ է ունեցել Լիտվայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Լինաս Լինկյավիչուսի և Ռայմունդաս Կարոբլիսի, ինչպես նաև այլ պաշտոնատար անձանց հետ՝ նրանց հետ քննարկելու Բելառուսում տիրող իրավիճակը, Ռուսաստանի և ՉԺՀ-ի կողմից սպառնալիքներին դիմակայելը, ինչպես նաև, Մարդու իրավունքների և ժողովրդավարության առաջխաղացումը:
Ավելի վաղ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Բիգենը օգոստոսի 24-27-ը կմեկնի Ռուսաստան, Լիտվա և Ուկրաինա:
Բանակցությունների մանրամասները ներկայացնում է բելառուսական ընդդիմության շտաբների մամուլի ծառայության Telegram-ալիքը։
«Օգոստոսի 9-ի ընտրությունները ոչ ազատ էին, ոչ արդար։ Լուկաշենկոն չի օգտվում բելառուս ժողովրդի կամ միջազգային հանրության աջակցությունից։ Ամեն օր նա հրաժարվում է ընդունել իր ժողովրդի կամքը՝ միայն երկարաձգելով ճգնաժամը և խորացնելով այն», – ասել է Սվետլանա Տիխանովսկայան։
Տիխանովսկայան նաև պատրաստակամություն է հայտնել ճգնաժամը լուծել երկխոսության միջոցով:
«Մենք միշտ ասել ենք, որ պատրաստ ենք խոսել և ձգտում ենք խաղաղ կարգավորման։ Մենք բաց ենք միջազգային կազմակերպությունների միջնորդության համար՝ նպաստելու երկխոսությանը։ Մենք նաև պահանջում ենք անաչառ հետաքննել այն հանցագործությունները, որոնք բելառուսական իշխանությունները կատարել են իրենց ժողովրդի դեմ։ Միևնույն ժամանակ, մենք կոչ ենք անում բոլոր երկրներին՝ հարգել երկրի ինքնիշխանությունը և Բելառուսի տարածքային ամբողջականությունը», – հայտարարել է նախագահի նախկին թեկնածուն։