Վրաստանի նախկին նախագահ, իսկ այժմ Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին հայտնել է, որ հայրենիք վերադառնալու որոշում է կայացրել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նա նշում է, որ վստահ է, որ իր աշխատանքը նախագահի պաշտոնում և այն ամենը, ինչ ստեղծվել է դրա արդյունքում, մինչև հիմա պահպանվում և գործում է։ Սակայն, հետևելով վրացական նորություններին, հասկանում է, որ իր հետ վրացի ժողովուրդը կարող է շատ ավելի լավ ապրել, յուրաքանչյուր վրացի կարող է հարուստ լինել. «Ես վերադառնում եմ», – հայտարարել է նա՝ իր ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսաուղերձում։
Սաակաշվիլին նաև ներողություն է խնդրել վրացիներից այն սխալների համար, որոնք կատարել է իր նախագահության ընթացքում։
Վրաստանի նախկին նախագահն ավելի վաղ բազմիցս հայտնել է հայրենիք վերադառնալու իր ցանկության մասին: Անցյալ տարվա սեպտեմբերի վերջին նա հայտարարել էր, որ հայրենիք կվերադառնա մինչև 2020 թվականի աշնանը Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները:
Սաակաշվիլին Վրաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2004 թվականի հունվարից մինչև 2013 թվականի նոյեմբեր։
2013-ին նա լքել է երկիրը՝ նախագահական լիազորությունների ժամկետը լրանալուց մի քանի օր առաջ։ Դրանից անմիջապես հետո նրա դեմ չորս քրեական գործ է հարուցվել, որոնցից երկուսով արդեն դատավճիռներ են կայացվել։ Վրաստանի նախկին նախագահին 11 տարվա ազատազրկում է սպառնում։