Իսրայելի պաշտպանության բանակը կրկին գրոհել Է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ արմատական խմբավորման ռազմական դիրքերը։ Ինչպես ուրբաթ հայտնել է պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը, հարվածը հասցվել է ի պատասխան պաղեստինցի ծայրահեղականների կողմից իսրայելական տարածքի հրթիռակոծման, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ավելի վաղ առավոտյան Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակվել է վեց հրթիռ։ Ի պատասխան դրան՝ մեր ռազմաօդային ուժերը քիչ առաջ հարված են հասցրել Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական օբյեկտներին, այդ թվում՝ զենքի արտադրության օբյեկտին»,- ասված Է ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայության Twitter-ում հրապարակված հոդվածում:
Ուրբաթ գիշերը ՑԱԽԱԼ-ը մի շարք հարվածներ է հասցրել Գազայում ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին՝ ի պատասխան այնտեղից նրանց ամրացված պայթուցիկով օդապարիկների արձակմանը: Հարձակման ընթացքում կործանիչները, թռչող սարքերը և ՑԱԽԱԼ տանկերը գրոհել են Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ստորգետնյա ենթակառուցվածքը և ռազմական հենակետը: Դրանից հետո իսրայելցի զինվորականները հայտնել են, որ Գազայի հատվածից պաղեստինցի արմատականները ուրբաթ առավոտյան վեց հրթիռ են արձակել Իսրայելի հարավի տարածքի ուղղությամբ:
Գազայի հատվածից իսրայելական տարածք պայթուցիկով գնդերի արձակումը վերսկսվել Է օգոստոսի սկզբին երկարատև դադարից հետո: Նման գործունեության արդյունքում Իսրայելում գրանցվել են մի քանի տասնյակ հրդեհներ, տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել: