ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հանրապետական կուսակցության համագումարում խոստացել է տիեզերքում ԱՄՆ առաջնորդության նոր դարաշրջան. այս մասին տեղեկանում ենք Daily Express-ից։
«Մենք տիեզերքում ամերիկյան առաջնորդության մի նոր դարաշրջան ենք սկսում. ԱՄՆ-ն Լուսին կուղարկի առաջին կին տիեզերագնացին և կլինի առաջինը, որ Մարսի վրա կբարձրացնի երկրի դրոշը»,- հայտարարել է նա։
Ավելի վաղ տիեզերական հետազոտություններում կանանց դերի թեմայով տեսակոնֆերանսի ժամանակ ԱՄՆ տիեզերական գործակալության տնօրեն Ջիմ Բրայդենսթայնը հայտարարել էր, որ մի քանի տարուց «Արտեմիս» լուսնային ծրագրի շրջանակում կին տիեզերագնացները կկարողանան ոտք դնել Լուսնի մակերևույթին։
«Լուսնի հետազոտության մեր ծրագիրը հիմնված է կին առաջամարտիկների ներդրման վրա։ Մենք հարգանքի տուրք ենք մատուցում ՆԱՍԱ-ի այն կին աշխատակցուհիներին, որոնք թռիչքներ են կատարել դեպի տիեզերք, ինչպես նաև՝ ապագա կանանց, որոնք պատրաստվում են նույնն անել»,- ասել է տիեզերական գործակալության տնօրենը:
ՆԱՍԱ-ն այս տարվա մարտից սկսել է լուսնային նոր՝ «Արտեմիս» առաքելության իրագործման նպատակով տիեզերագնացների ընտրության գործընթացը:
Ըստ գործակալության պահանջների՝ թեկնածուները պետք է լինեն ԱՄՆ քաղաքացի, ինժեներիայի, կենսաբանության, ֆիզիկայի, համակարգչային տեխնոլոգիաների, մաթեմատիկայի ոլորտներում ունենան բարձրագույն կրթություն, օդաչուական դպրոցի կամ էլ բժշկության բնագավառում ասպիրանտուրայի ավարտական դիպլոմ:
Եթե ամեն ինչ ըստ ծրագրի ընթանա, ապա տիեզերագնացները Լուսնի վրա վայրէջք կկատարեն 2024թ., ինչից հետո կտրվի մարդկանց Մարս մոլորակ ուղարկելու հավակնոտ ծրագրի նախապատրաստական աշխատանքների մեկնարկը: ՆԱՍԱ-ն Մարսի հետ կապված ծրագիրը մտադիր է իրականացնել 2030-ական թվականների կեսերին: