Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հաստատել է, որ հրաժարական է տալիս պաշտոնից՝ առողջական վիճակի վատթարացման պատճառով։ Նման հայտարարությամբ նա հանդես է եկել Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Աբեն հիշեցրել է, որ 13 տարի առաջ ևս ստիպված է եղել հրաժարական տալ առողջական վիճակի պատճառով:
«Այս տարի հունիսին հետազոտության ժամանակ հաստատվել է, որ հիվանդությունը կրկին սրվել է», – հավելել է նա:
Սինձո Աբեն լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարն է։ Երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2012 թվականի դեկտեմբերից:
Նա խոստացել է, որ երկրի նոր վարչապետ ընտրելիս ազդեցություն չի ունենա իշխող լիբերալ-դեմոկրատական կուսակցության որոշման վրա:
Սինձո Աբեն նաև ափսոսանք է հայտնել, որ իր պաշտոնավարման ժամանակահատվածում չի կարողացել ավարտին հասցնել ՌԴ-ի հետ հաշտության պայմանագրի կնքման հարցը։