Լիբանանի վարչապետ նշանակված Մուստաֆա Ադիբը երկուշաբթի նախագահ Միշել Աունին կներկայացնի նոր կառավարության կազմը՝ բաղկացած 14 անկախ փորձագետներից։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են լիբանանյան Պատգամավորների պալատի աղբյուրները։
Աղբյուրը նշել է, որ սպասվում է՝ նախագահը հավանություն կտա կառավարության կազմին, ինչը ճանապարհ կբացի խորհրդարանում վստահության քվեարկման համար:
Դրական ազդակներ են ստացվել կիրակի օրը «Ուժեղ Լիբանան» նախագահամետ դաշինքի առաջնորդ Ջեբրան Բասիլի ելույթից հետո: Նա հայտարարել է, որ իր գլխավորած դաշինքը չի մտնի կաբինետի կազմի մեջ, բայց աջակցություն կցուցաբերի նրան: Բասիլը նշել է, որ իր գլխավորած շարժումն աջակցում է ճգնաժամից դուրս գալու ճանապարհային քարտեզին, որն առաջարկել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ սեպտեմբերի 1-ին Բեյրութ կատարած այցի ժամանակ: Մակրոնի ծրագրի համաձայն՝ Լիբանանում մինչև սեպտեմբերի 16-ը պետք է ստեղծվի նոր կառավարություն, որը ձեռնամուխ կլինի ծովային նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո Բեյրութի վերակառուցմանը, բարեփոխումների անցկացմանը, ինչպես նաև՝ կշարունակի կոռուպցիայի դեմ պայքարը:
Շիական «Ամալ» և «Հըզբոլլահ» կուսակցությունների տանդեմի դիրքորոշումը խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերին հայտնել է կիրակի օրը: Նա հայտարարել է, որ շիա խմբակցությունները չեն մտնի կառավարություն, բայց պատրաստ են համագործակցել նրա հետ՝ ֆինանսական վիճակը կայունացնելու և տնտեսությունը փրկելու համար:
Հիշեցնենք՝ օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանով շուրջ 191 մարդ է մահացել և ավելի քան 6500-ը վիրավորվել։ Օգոստոսի 4-ին պայթել էր 2750 տոննա բռնագրավված ամոնիակի սելիտրան, որը գրեթե յոթ տարի պահվում էր նավահանգստային պահեստում:
Պայթյունի ալիքից ոչնչացան և վնասվեցին հազարավոր տներ, ավելի քան 300 հազար քաղաքացի մնաց անօթևան:
Նակին վարչապետ Հասան Դիաբը օգոստոսի 10-ին պաշտոնապես հայտարարել էր կառավարության հրաժարականի մասին։
Լիբանանի նախագահ Միշել Աունն օգոստոսի 31-ին որոշում ընդունեց Գերմանիայում Լիբանանի դեսպան Մուստաֆա Ադիբին հանձնարարելու կազմել նոր կառավարություն: Ադիբն ունի խորհրդարանի 128 պատգամավորներից 90-ի աջակցությունը։