Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը տեսակոնֆերանսով բանակցություններ են վարել, որի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունների վիճակը և Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանի իրադրությունը:
Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության մեջ, փոխանցում է Anadolu-ն։
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում տարաձայնությունները կարող են լուծվել բանակցությունների և փոխզիջումների միջոցով՝ խնդրի նկատմամբ կառուցողական և արդարացի մոտեցման պայմանով:
Էրդողանի խոսքով՝ եվրոպական պետությունները պետք է լինեն արդար և հետևողական Արևելյան Միջերկրածովյան հարցում, և Թուրքիան շարունակելու է վճռական և ակտիվ քաղաքականություն վարել իր իրավունքների պաշտպանության նպատակով:
Թուրքական կողմից բանակցություններին ներկա էին արտգործնախարարներ Մևլութ Չավուշօղլուն, ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանը, Թուրքիայի ԱՊԼ հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը, նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը և նախագահի գրասենյակի ղեկավար Հասան Դողանը։
Հիշեցնենք՝ դեռևս հուլիս ամսին թուրքական կողմը հայտարարել էր Հունաստանին պատկանող Հռոդոս և Մեիս կղզիների միջև ընկած ծովային տարածքում գազի որոնման նպատակով սեյսմիկ ուսումնասիրություններ կատարելու մասին։ Թուրքիայի այս գործողությունները սրել են թուրք-հունական, թուրք-կիպրական հարաբերությունները։