Լիբանանի նախագահ Միշել Աունը դիմել է աշխարհին` օգնություն խնդրելով մայրաքաղաքի գլխավոր նավահանգստի և այն թաղամասերի վերականգնման համար, որոնք ավերվել էին օգոստոսի 4-ին տեղի ունեցած աղետալի պայթյունի արդյունքում. հայտնում է AP-ն:
Նախագահ Միշել Աունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի վիրտուալ գագաթնաժողովին կոչով է հանդես եկել` հայտարարելով համաշխարհային առաջնորդներին, որ Լիբանանի բազմաթիվ խնդիրները աննախադեպ սպառնալիք են ներկայացնում դրա գոյության համար:
Երկրին անհրաժեշտ է միջազգային հանրության աջակցությունը` իր տնտեսությունը և իր ավերված նավահանգիստը վերականգնելու համար: Աունն առաջարկել է քաղաքի վնասված հատվածները բաժանել առանձին տարածքների, որպեսզի օգնել ցանկացող երկրները ստանձնեն դրանցից մեկի վերակառուցման պարտավորությունը:
«Այսօր Բեյրութը փորձում է ոտքի կանգնել ավերակներից, և հենց բոլոր լիբանանցիների համերաշխությամբ եւ ձեր աջակցությամբ այն կբուժի իր վերքերը և ոտքի կկանգնի, քանի որ պատմության ընթացքում բազմիցս ոտքի է կանգնել»,- ասել է Աունը:
Հզոր պայթյունը տեղի էր ունեցել օգոստոսի 4-ին, երբ շուրջ 3000 տոննա ամոնիումի նիտրատ էր բռնկվել, որն ավելի քան վեց տարի պահվում էր նավահանգստի պահեստում: Պայթյունի հետևանքով մահացավ մոտ 200 մարդ, 6500-ը վիրավորվեց, մոտ քառորդ միլիոն մարդ մնաց անօթևան:
Արունն ասել է, որ Լիբանանը տեխնիկական օգնություն է խնդրել որոշ երկրներից, ինչպիսիք են հողի նմուշները և պայթյունի պահի արբանյակային նկարները: «Մի քանի երկրներից թիմեր եկել են տեխնիկական օգնություն տրամադրելու և անհրաժեշտ հետազոտություններ անցկացնելու համար, և մենք դեռ սպասում ենք տեղեկատվության և արբանյակային պատկերների` հետաքննության այս մասում անորոշությունը պարզելու համար»,- հավելել է նա:
Հիշեցնենք՝ օգոստոսի 4-ին հզոր պայթյուն է որոտացել Բեյրութի նավահանգստում։ Պայթյունի ալիքով ոչնչացվել և վնասվել են հազարավոր տներ, ավելի քան 300 հազար մարդ անօթևան է մնացել: Զոհվել է 178 մարդ, տուժել է մոտ 6 հազար մարդ, տասնյակ մարդիկ անհետ կորած են համարվում: Բեյրութի վերակառուցման համար կպահանջվի 12-15 մլրդ դոլար: