Հայաստանը վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն իր հավատարմությունը: Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը հիշեցրել է, որ հուլիսին Ադրբեջանը սկսել է հերթական ագրեսիվ գործողությունը վերջինիս զինված ուժերը հարձակում են գործել Տավուշի մարզի ուղղությամբ:
Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը կոչ է արել անհապաղ թուլացնել լարվածությունը և համաձայնել է դադարեցնել մարտական գործողությունները դրանց բռնկումից մի քանի ժամ անց, սակայն Ադրբեջանը շարունակել է գնդակոծել խաղաղ բնակիչներին, ենթակառուցվածքներն ու շարունակական հարձակումները Հայաստանի սահմանամերձ շրջանների վրա՝ օգտագործելով հրետանի, ծանր զենք, անօդաչու թռչող սարքեր և խոշոր հետևակային ստորաբաժանումներ:
«Ավելին, Ադրբեջանի իշխանություններն էլ ավելի սաստկացրին իրենց ռազմաշունչ հռետորաբանությունը՝ հատելով քաղաքակիրթ պատկերացումների բոլոր հնարավոր սահմանները: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նույնիսկ սպառնաց հրթիռային հարված հասցնել Հայաստանի ատոմային էլեկտրակայանին, ինչը հավասարազոր է «միջուկային ահաբեկչության» սպառնալիքի», – հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծել է, որ հուլիսյան մարտերն ի դերև հանեցին Ադրբեջանի ռազմական գերազանցության մասին առասպելը և հաստատեցին, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի: Ադրբեջանի ղեկավարության համար վաղուց հասունացել է այդ փաստն ընդունելու անհրաժեշտությունը, ուստի նրանք պետք է հրաժարվեն ուժի գործադրումից և սպառնալիքներից՝ բանակցությունների միջոցով հակամարտության խաղաղ կարգավորման համատեքստում:
«Հայաստանը վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն իր հավատարմությունը: Խաղաղության գործընթացի հիմքում պետք է ընկած լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որը ճանաչվել է միջազգային հանրության և միջազգային միջնորդների, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից», – ասել է կառավարության ղեկավարը։
Նա ընդգծել է, որ այս իրավունքի ուժով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է կարողանա առանց սահմանափակումների որոշել իր կարգավիճակը: «Այդ իսկ պատճառով, նրանց ընտրած իշխանությունները պետք է կարողանան մասնակցել բանակցություններին: Հակամարտության գոտում բնակվող մարդկանց խնդիրներն ու կարիքները պետք է դառնան բանակցությունների օրակարգի գերակայություն:
Հայաստանի համար մեկ այլ առանցքային գերակայություն է անվտանգության գոյաբանական սպառնալիքների ենթարկվող Արցախի ժողովրդի համապարփակ անվտանգության ապահովումը:
Ազատությունը, ժողովրդավարությունը և մարդու հիմնարար իրավունքների հարգումն անհրաժեշտ նախապայման են հակամարտության տևական և համապարփակ կարգավորման համար բարենպաստ միջավայրի ստեղծման գործընթացում: Միայն օրինականորեն ընտրված կառավարություններն են ի զորու իրապես արտահայտել իրենց ժողովրդի շահերը և գնալ փոխզիջման», – ասել է Փաշինյանը։
Վարչապետի խոսքով, Ադրբեջանի իշխանությունները հետևողականորեն օգտագործում են հակամարտությունն իրենց իշխանության հարատևությունն օրինականացնելու նպատակով: Տասնամյակներ շարունակ Հայաստանը և հայերը որպես թշնամի են դիտվել Ադրբեջանի ղեկավարության կողմից` իրենց երկրում արդարացնելու համար ցածր կենսամակարդակը, ժողովրդավարության բացակայությունը և մարդու իրավունքների համատարած խախտումներն:
«Հրադադարը պետք է ամրապնդվի տեղում կոնկրետ գործողություններով: Ռազմաշունչ հռետորաբանությունից և ատելության խոսքից հրաժարվելը, շփման գծում և սահմանի վրա ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնումը, հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի քննության մեխանիզմների ստեղծումը և տեղական հրամանատարների միջև կապի ուղիղ գծերի հաստատումն այս առումով չափազանց կարևոր են», – ասել է ՀՀ կառավարության ղեկավարը: