Երեկ երեկոյան հրատապ միջնորդությամբ Միլանի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունեց Արցախի անկախությունը, ինչպես նշված է միջնորդության մեջ, հանձնարարեց Միլանի քաղաքապետին և քաղաքի գործադիր իշխանություններին «խնդրել Իտալիայի ազգային իշխանություններին ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ որպես քաղաքակրթության ակտ, որը կարող է հանգեցնել ոչ միայն արդարության իրագործմանը, այլ վերջ դնել լռությանը, որը վաղուց դառնում է հանցագործության մեղսակցություն»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 604 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին:
Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան: