Վիեննայում հրաձգության հետևանքով տուժած կինը մահացել է ստացած վնասվածքներից, ահաբեկչության զոհերի թիվը հասել է երկու մարդու, РИА новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Միխայել Լյուդվիգ քաղաքի բուրգոմիստրը:
Ավելի վաղ հաղորդվել էր մեկ զոհի մասին։ Ընդ որում, ՆԳՆ-ում ասել են, որ խոսքը «մի քանի զոհերի» մասին է։ Գերատեսչությունը ճշգրիտ տվյալներ չի ներկայացրել։
«Այդ սարսափելի հանցագործությունից հետո, տղամարդու սպանությունից հետո, կին է մահացել։ Դա նշանակում է, որ խոսքը երկու տուժածների մասին է։ 15 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, յոթ ծանր տուժածներին օգնություն է ցուցաբերվել։ Հույս ունեմ, որ նրանք շուտով կկարողանան լքել հիվանդանոցը», – հայտարարել է նա ORF-ի եթերում։
Նախօրեին Վիեննայի կենտրոնում մի խումբ անհայտ անձինք կրակոցներով հարձակումների շարք են իրականացրել, հարձակման օբյեկտներից մեկը, լրատվամիջոցների տվյալներով, սինագոգն է եղել: Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ կատարվածը ահաբեկչություն է։ Իրավապահների տվյալներով ՝ մեկ մարդ զոհվել է, մի քանիսը ՝ ծանր վիրավորվել, այդ թվում ՝ ոստիկան, հարձակվողներից մեկը չեզոքացվել է, առնվազն ևս մեկ հարձակվողի են փնտրում: Վիեննայի քաղաքապետը հաստատել է, որ տուժել է առնվազն 15 մարդ, նրանցից յոթը լուրջ վնասվածքներ են ստացել և գտնվում են հիվանդանոցներում: