Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը հայտնել է, որ ուկրաինական պետության ղեկավար Վլադիմիր Զելենսկուն է փոխանցել հրաժարականի դիմումը, որպեսզի «նախագահի հանդեպ հարգանքի և վստահության ցանկացած կասկած վերացվի»:
«Ես այդ պաշտոնը ստանձնել եմ՝ իրականացնելու երկրի նախագահի ծրագիրը: Նա ինձ համար թափանցիկության և պարկեշտության օրինակ է: Սակայն որպեսզի մեր նախագահի նկատմամբ հարգանքի և վստահության վերաբերյալ բոլոր կասկածները վերանան, ես հրաժարականի դիմում եմ գրել և հանձնել նախագահին՝ խորհրդարան ներկայացնելու համար», – գրել է Գոնչարուկն իր ֆեյսբուքյան էջում:
Նշենք, որ հունվարի 15-ին «Ինչպե՞ս խաբել նախագահին» YouTube-ալիքը հրապարակել է խոսակցությունների ձայնագրությունը, որոնք իբր տեղի են ունեցել Գոնչարուկի, ֆինանսների նախարար Օքսանա Մարկարովի, Ուկրաինայի Ազգային բանկի ղեկավար Յակով Սմոլի և նրա տեղակալ Եկատերինա Ռոժկովայի միջև:
Կառավարությունում չեն հաստատել գաղտնալսման իսկությունը։ «Կառավարության մամուլի ծառայությունը տեղեկություններ չունի ոչ աուդիո, ոչ տեսագրությունների իսկության մասին, որոնք տարածվում են համացանցում», – ասված է հաղորդագրության մեջ:
Հունվարի 16-ին «ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արահամիան հայտարարել էր, որ իր խմբակցությունը չի պաշտպանում Գոնչարուկի հրաժարականի գաղափարը:
Կառավարությունը Գոնչարուկի գլխավորությամբ ձևավորվել է Գերագույն Ռադայի աշխատանքի առաջին օրը՝ 2019 թվականի օգոստոսի 29-ին։