Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է Թուրքիայի զինված ուժերում պարտադիր ժամկետային զինծառայության ժամանակ սպանված հայ քաղաքացի Սևակ Բալըքչըի գործով դատարանի կայացրած նոր որոշմանը, հայտնում է ermenihaber-ը։
Կարո Փայլանը նշել է, որ չնայած թուրքական դատարանի կայացրած որոշմանը, այնուամենայնիվ, երկրում դեռևս շարունակվում է պահպանվել ատելության մթնոլորտը:
Փայլանը նշել է, որ Սևակ Բալըքչըն սպանվել էր 9 տարի առաջ՝ ապրիլի 24-ին, և այդ օրվա ընտրությունը մեծացրել էր ատելության հողի վրա կատարված հանցագործության կասկածները: Փայլանն արձանագրել է, որ վերջապես 9 տարի անց դատարանի կողմից հաստատվեց, որ Սևակը սպանվել է դիտավորությամբ և ամբաստանյալը դատապարտվեց 16 տարի 8 ամիս ազատազրկման։
«Անհրաժեշտ է, որ Թուրքիայի օրակարգում ատելության հողի վրա կատարված հանցագործությունները վերացնելու համար քաղաքական նախաձեռնություններ կյանքի կոչվեն: Պետք է ստեղծենք այնպիսի մթնոլորտ, որ ոչ մեկն այդ հանցագործությունների թիրախում չհայտնվի»,-ընդգծել է Փայլանը՝ հույս հայտնելով, որ դատարանի վերոնշյալ որոշումը նախադեպ կդառնա մյուս հանցագործությունների վերաբերյալ դատական գործերում:
Նշենք, որ Բալըքչըն սպանվել էր 2011թ. ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցի արարողության ժամանակ, Թուրքիայի Բաթման նահանգի Քոզլուք շրջանում թուրք զինվոր Քըվանչ Աղաօղլուի արձակած գնդակից: Սևակ Բալըքչըի դատական գործը բողոքարկվել և կրկին քննության էր դրվել 2018թ.: Նոր դատավճռի արդյունքում մեղադրյալ Աղաօղլուին կալանավորել են հենց դատական նիստի ժամանակ: